Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը խստօրէն դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամօթալի նահանջը՝ Հայոց ցեղասպանութեան ամերիկեան ճանաչումից ու յիշատակումից, ինչը դրսեւորուեց նրա՝ նոյնիսկ «ցեղասպանութիւն» եզրոյթը չյիշատակելու որոշմամբ, որը կայացուել է թուրքական ճնշման ներքոյ եւ արտացոլուած է Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ի ամենամեայ ուղերձում։
Մեկնաբանելով Թրամփի յայտարարութիւնը՝ Հայ դատի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից նախագահ Թրամփի նահանջը թուրքական սպառնալիքների առաջ տեղի տալու խայտառակ գործողութիւն է, ամօթալի հրաժարում ամերիկեան պատասխանատուութիւնից՝ կանխելու Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ցեղասպանական յարձակումները հայերի դէմ։ Արցախի բնիկ քրիստոնեայ հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումից, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակուող բռնութիւններից, հայկական քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնագրաւումից յետոյ՝ նախագահ Թրամփն ունի պարտաւորութիւն ոչ միայն ազնուօրէն եւ ճշմարտապէս ճանաչելու 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ կանխելու դրա շարունակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»:
2024 թուականի նախագահական քարոզարշաւի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել էր «վերականգնել խաղաղութիւնը Հարաւային Կովկասում եւ կանգնեցնել բռնութիւնը եւ էթնիկ զտումները»: Նրա կողմից «ցեղասպանութիւն» եզրոյթի չօգտագործելը՝ օտարերկրեայ ճնշման ներքոյ, այժմ ուղղակի հակասում է այդ խոստմանը:

Ըստ Արամ Համբարեանի՝ «Նախագահ Թրամփի բացթողումը դիւանագիտական սխալ չէ, այլ դիտաւորեալ նահանջ ճշմարտութիւնից եւ վտանգաւոր ազդանշան ԱՄՆ-ի կողմից հակահայ բռնութիւնների հանդէպ հանդուրժողականութեան մասին։ Այն արտացոլում է նրա առաջին վարչակազմի ամօթալի լռութիւնն ու մեղսակցութիւնը»: Առաջին պաշտօնավարման ընթացքում նախագահ Թրամփը հրաժարուել է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ ամերիկեան աննախադէպ ռազմական աջակցութիւն է տրամադրել Ադրբեջանին՝ երբ վերջինս իրականացրեց իր ցեղասպանական յարձակումը Արցախի հայութեան դէմ։ Նրա՝ Ադրբեջանին պատասխանատուութեան չենթարկելը 2020 թուականի փաստագրուած պատերազմական յանցագործութիւնների՝ այդ թւում՝ ռազմագերիների խոշտանգումների, խաղաղ բնակիչների սպանութիւնների եւ քրիստոնէական ժառանգութեան ոչնչացման համար, լայնօրէն դիտարկւում է որպէս նախադրեալ 2023 թուականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտման համար:
Նախագահ Թրամփի՝ ցեղասպանութիւնը չճանաչելը հակասում է Սպիտակ տան, Կոնգրեսի եւ ԱՄՆ բոլոր 50 նահանգների պաշտօնական ճանաչումներին:
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը նախագահ Թրամփին կրկին կոչ է անում յարգել իր նախընտրական խոստումը եւ առաջնորդել ԱՄՆ քաղաքականութեան արմատական վերանայումը Թուրքիայի եւ Հարաւային Կովկասի հանդէպ, վերջ տալ ցեղասպանութեան ժխտման մէջ ԱՄՆ-ի մեղսակցութեանը, հաշուետուութիւն պահանջել դրա իրագործողներից եւ ապահովել խաղաղութիւն՝ հիմնուած արդարութեան եւ Արցախի քրիստոնեայ հայ ժողովրդի վերադարձի իրաւունքի վրայ: