Հայ գերիները գտնւում են կեանքի իրական սպառնալիքների ներքոյ․ Սիրանուշ Սահակեան

Հայ գերիները գտնւում են կեանքի իրական սպառնալիքների ներքոյ․ Սիրանուշ Սահակեան

Պաքուում պահուող հայ գերիները մշտապէս գտնուել են կեանքի իրական սպառնալիքների ներքոյ։ Կայ արձանագրուած մի քանի տասնեակ դէպք, երբ մարդիկ սպանուել են հենց գերեվարման ընթացքում: Սրա մասին ասաց Եւրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակեանը Պաքուի բանտերում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ քննարկման ընթացքում։

Իրաւապաշտպանը շեշտեց՝ գերիների հիմնախնդիրն էապէս կապուած է բռնի անհետացման խնդրի հետ, այսինքն՝ գերիների սպանուած լինելու վերաբերեալ մենք ապացոյցներ չունենք, բայց կան դէպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկուել է բռնի անհետացումների:

Այժմ պաշտօնական տուեալներով 23 հայ պահւում է Պաքուում: 23-ից 5-ը գերեվարուել է 2020-ի ընթացքում, իսկ միւսները 2023-ին: 2023 թուականի Սեպտեմբերի 19-ի ռազմական յարձակումից յետոյ գերեվարուած անձանցից են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը եւ նախկին արտգործնախարար Դաւիթ Պապայեանը։

Վերոնշեալ 23 անձից 7-ի վերաբերեալ աւարտուած դատավարութիւններ կան, այսինքն՝ նրանց առնչութեամբ կան մեղադրական դատավճիռներ, եւ ըստ Ատրպէյճանի՝ նրանք պատիժ կրող հայեր են, որոնք ծանր յանցագործութիւններ են կատարել: «Այդ դատապարտումների հիմքում դրուել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսին ցեղասպանութիւնն է կամ Արցախեան առաջին պատերազմի ընթացքում պատերազմական յանցագործութիւններ կատարելը։ Մնացեալ 16-ի դատավարութիւններին մենք ականատես ենք լինում 2025-ի սկզբներից ի վեր։ Այստեղ երկու ինքնուրոյն գործեր են առանձնացուած, թէեւ Ռուբէն Վարդանեանի գործը սկզբում միացուած է եղել միւսներին, բայց յետոյ այն առանձնացուել է։ Կարող ենք տարաբնոյթ հետեւութիւններ անել այս առումով։ Մնացեալ 15 հայերը մէկ քրէական գործի մաս են կազմում։ Մեղադրանքները լուրջ են, անխուսափելիօրէն ներառում են ահաբեկչութիւն, ապօրինի զինուած խմբաւորումներ կազմելը, անդամակցելը, ապօրինի զէնք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, եւ կան շատ աւելի մեղմ յանցագործութիւններ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ՝ ապօրինի սահման հատելը»,- ասաց Սիրանուշ Սահակեանը:

Իրաւապաշտպանը շեշտեց՝ այս ողջ ժամանակահատուածում խոշտանգումների կանխարգելման հետ կապուած՝ որեւէ անկախ մեխանիզմ հնարաւորութիւն չի ունեցել մուտք գործելու, տեսակցելու Պաքուում պահուող հայերին, ապա օբիեկտիւ դիտանկիւնից կարծիք արտայայտելու նրանց պահման պայմանների, ֆիզիքական կամ հոգեբանական վիճակի վերաբերեալ: Միակ կառոյցը, որի գործունէութիւնն Պաքուում յայտնուել է սպառնալիքների ներքոյ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն է։ Կոմիտէի աշխատակիցները վեց շաբաթը մէկ պարբերականութեամբ այցելում են գերիներին, սակայն այդ ժամկէտները յաճախ փոփոխւում են նախատօնական օրերին, միջոցառումների կազմակերպման շրջանակում։ Ատրպէյճանը մշտապէս օգտագործում է այդ գործօններն ու յետաձգում պլանաւորուած հերթական այցելութունները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչներն արձանագրում են պայմանները, սակայն գրանցուած խնդիրները հրապարակայնացման ենթակայ չեն: Այդ տեղեկութիւններից միայն որոշակի հատուած հասանելի է գերեվարուած անձանց ընտանիքի անդամներին։

«Արձանագրուած խնդիրները կոնֆիդենցալ ձեւով փոխանցում են Ատրպէյճանի իշխանութիւններին՝ ակնկալիքով, որ դրանք լուծում կը ստանան։ Այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան: Ինչ վերաբերում է ֆիզիքական, հոգեբանական բռնութիւններին, հայերի արժանապատուութիւնը վիրաւորող, ստորացնող գործելակերպին, այս մասով մենք որեւէ տեղաշարժ չենք դիտարկում, աւելին՝ որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսեւորումների խստացում»,- նշեց իրաւապաշտպանը։

Ատրպէյճանի բանտերում մարդիկ պահւում են այնպիսի անմարդկային պայմաններում, որոնք իրենց ինտենսիւութեամբ ու պատճառուած ցաւի բնոյթով որակւում են որպէս խոշտանգում։

Յատկանշական է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն դասական առումով չի համարւում խոշտանգումների կանխարգելման մարմին։

«Մենք անձամբ դիմել ենք՝ ներկայացնելով մեր լիազօրութիւնները եւ դրանց ճանաչումը Եւրոպական դատարանի կողմից, խնդրել ենք մեր հայրենակիցներին տեսակցելու հնարաւորութիւն տալ, բայց նման բան չի ապահովուել։ Նման փորձեր արուել են նաեւ օտարերկրեայ փաստաբանների ներգրաւմամբ, սակայն Ատրպէյճանում գործում է միջազգային փաստաբանների մուտքն արգելափակելու պրակտիկայ, որն էլ վկայում է անաչառութեան լիակատար բացակայութեան մասին։ Ատրպէյճանական կողմը վախենում է, որ այդ այցերի ընթացքում ի յայտ կը գան խոշտանգման դէպքերն ու կը գեներացուեն նոր ապացոյցներ։ Դրանք որեւէ կերպ չի բխում Ատրպէյճանի շահերից»,- ասաց Սիրանուշ Սահակեանը։

Նա փաստեց՝ հայ փաստաբանները հնարաւորութիւն չունեն արդիւնաւէտ պաշտպանութիւնից օգտուելու, այդ՝ այսպէս կոչուած դատավարութիւնների ելքի վրայ ազդելու, բայց իրենց ներգրաւուածութեամբ լեգիտիմացնում են այս շինծու պրոցեսները, ուստի այս երկու հիմնական նկատառումներից ելնելով՝ ընտանիքները հրաժարուել են Ատրպէյճանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնելու նպատակով օտարերկրեայ փաստաբաններ ներգրաւելուց։

«Ընդամէնը մէկ անձ է, որը մասնաւոր պաշտպան է վերցրել Ատրպէյճանից, միւսները յենւում են հանրային պաշտպանի գրասենեակի կողմից տրամադրուող ծառայութիւնների վրայ, իսկ այս ծառայութիւնների որակի եւ այլ խնդիրների մասին կազմուել են բազմաթիւ զեկոյցներ։ Այստեղ արձանագրուած է, որ այս կառոյցն ամբողջովին գրպանային փաստաբանութիւն է իրականացնում»,- Սիրանուշ Սահակեանը փաստեց։

Ատրպէյճանում հասարակութեան որոշակի քանակին բաժին ընկնող փաստաբանների թիւը երեք անգամ նուազ է, քան եւրոպական միջին շեմը։

«Այս փաստը յաւելեալ հիմնաւորում է այն թեզը, որ փաստաբանական համայնքն Ատրպէյճանում գտնւում է հետապնդման ներքոյ։ Այդ մասնագիտութիւնը հաւասարեցուած է վտանգաւոր գործունէութեան հետ, որտեղ անձը կարող է ֆիզիքական սպառնալիքների եւ անվտանգային խնդիրների բախուել, եւ պալատը կառավարում է նրանց գործունէութիւնը եւ անհնազանդ փաստաբաններին որակազրկում»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակեանը։

Միջոցներ, որոնք պէտք է գործի դնել՝ ի շահ ատրպէյճանական բանտերում պահուող հայերի

«Հայ գերիներն Ատրպէյճանում զրկուած են նաեւ հիւպատոսական ծառայութիւններ ստանալու հնարաւորութիւնից։ Եթէ Հայաստանը գտնի մեխանիզմ, եւ Ատրպէյճանի իշխանութիւնները չտրամադրեն այդ երաշխիքը, ապա մենք այստեղ կ’ունենանք նաեւ արդար դատաքննութեան իրաւունքի մէկ այլ խախտում»,- յայտարարեց Սիրանուշ Սահակեանը։

Դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութիւնը զրկել է ՀՀ-ին հիւպատոսական այցելութիւններ իրականացնելու հնարաւորութիւնից, սակայն նման իրավիճակում, ինչպէս ցոյց է տուել միջազգային պրակտիկան, նման գործառոյթներ կարող են իրականացուել միջնորդ երրորդ երկրի միջոցով, երբ տուեալ իրաւունքը պատուիրակւում է տուեալ երկրում հաւատարմագրուած մէկ այլ հիւպատոսական ծառայութեանը։ Դրան կարելի է հասնել դիւանագիտական քայլերի միջոցով, առաւել եւս, որ հարցը նոր արդիականութիւն ձեռք բերեց Պաքուում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գործունէութիւնը դադարեցնելու քննարկումների ֆոնին։
«Մի խումբ ՀԿ-ներ պաշտօնապէս դիմել են ՀՀ ԱԳՆ-ին եւ Զուիցերիայի կառավարութեանը, որպէսզի այդ երկրի իշխանութիւններին պատուիրակեն հիւպատոսական իրաւունքը եւ վերջինս ստանձնի չէզոք երկրի դերն ու ապահովի այցելութիւնները հայ գերիներին։ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ այդ հարցը քննարկման փուլում է, սակայն, հաշուի առնելով խորհրդապահական բնոյթը, այլ մանրամասներ չեն կարող յայտնել։ Մնում է սպասել եւ տեսնել, թէ երբ կը հասունանայ վերջնական որոշումը»,- նշեց Սիրանուշ Սահակեանը։
Իրաւապաշտպանի դիտարկմամբ՝ միւս կարեւոր մեխանիզմը, որը տեսականօրէն գոյութիւն ունի եւ շատ պիտանի կարող է լինել հայ պատանդների պայմանները գնահատելու եւ իրաւունքների խախտումներն արձանագրելու մասով, Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) հովանու ներքոյ գործող մոսկովեան մեխանիզմն է, որը հնարաւորութիւն է տալիս մարդու իրաւունքների խախտումների իրավիճակի առնչութեամբ կազմակերպելու կարճաժամկէտ փաստահաւաք առաքելութիւն՝ ԵԱՀԿ շրջանակում ստեղծելով փորձագիտական խումբ, որի անդամները կոչւում են զեկուցողներ եւ հաւաքագրում են համապատասխան տուեալներ։ Նրանց զեկոյցները ենթակայ են քննարկման հենց ԵԱՀԿ շրջանակում։
«Որպէս կանոն՝ դրա համար պահանջւում է կառոյցի անդամ տասը երկրների համաձայնութիւնը։ Նրանց աջակցութեան պարագայում տուեալ մեխանիզմն ինքնաբերաբար կը ներդրուի։ Ներկայում կայ նախաձեռնութիւն, որի նպատակը հենց վերոյիշեալ մեխանիզմի գործարկումն է, որին պէտք է ամէն կերպ աջակցել, որովհետեւ գերիների ազատ արձակման հարցը պահանջում է նաեւ դիւանագիտական ակտիւ ու անմիջական աշխատանք։ Հակամարտութեան աւարտից յետոյ միջազգային կոնվենցիաներով նախատեսուած է գերիների հայրենադարձութիւն, հետեւաբար Ատրպէյճանը գտնւում է իրաւական պարտաւորութիւնների ներքոյ՝ առանց որեւէ նախապայմանի ազատ արձակելոը հայ գերիներին։ Դիւանագիտական ու իրաւական ջանքերի համադրմամբ պէտք է ձգտենք ամէն կերպ հասնել մեր նպատակին, որովհետեւ խաղաղութիւնն ու գերիների վերադարձն ուղղակիօրէն փոխկապակցուած են»,- ասաց Սիրանուշ Սահակեանը։

Նա շեշտեց՝ պէտք է ճնշել Ատրպէյճանին, որպէսզի հասնենք նրան, որ այդ երկիրն ազատ արձակի հայ գերիներին։ Խաղաղութիւն եւ գերիների վերադարձ հարցերն ունեն փոխկապակցուածութիւն։ Անհատական գործեր վարւում են բազմաթիւ գերիների, անհետ կորածների, բռնի անհետացածների մասով, այս գործերը քիչ թէ շատ ապահով կարգավիճակում են։

«Մեզ ընտանիքները յաճախ հարցնում են՝ միջպետական գանգատներից հրաժարումը կարո՞ղ է հետեւանք ունենալ անհատական գործերին։ Միանշանակ՝ ոչ։ Եւ միջպետական գործերի հրաժարումը չի յանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշման վերանայմանը, հակառակը ինտենսիւանալու է աշխատանքը նոր անհատական, խմբային հայցեր ներկայացնելու ուղղութեամբ։ Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ պիտի լինի այն անձանց ճակատագիրը, որոնց իրաւունքների պաշտպանութիւնն իրականացւում է միջպետական գանգատի շրջանակում։ Ատրպէյճանում պահուող 23 անձանցից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացուած են միջպետական գանգատի միջոցով։ Բոլոր նախկին ու ներկայ ղեկավարների գործերը ներկայացւում են միջպետական գանգատի միջոցով, եւ միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրաւունքների առնչութեամբ այլեւս իրաւական վէճ գոյութիւն չունի։ Խնդրի հանգուցալուծումը մնալու է ոչ իրաւական տիրոյթներում, որտեղ ՀՀ-ն որեւէ նշանակալի յաղթանակի պատմութիւններ չի կերտել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակեանը։

Հայազգի ռազմագերիները, պատանդները եւ այլ պահուող անձինք ապօրինաբար պահւում են Ատրպէյճանում՝ չնայած այդ երկիրը ստանձնել է յանձնառութիւններ եւ միջազգային պարտաւորութիւններ:

Հայ ռազմագերիների, պատանդների եւ պահվուող այլ անձանց կալանաւորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու հիմնարար իրաւունքների կոպտագոյն խախտում են, այդ թւում՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրի, «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դէմ» կոնվենցիայի, Ժընեւի IV կոնվենցիայի (1949 թ.), Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի դրոյթների խախտում:

Յասմիկ Բալէյեան

horizonweekly.ca

Share