Քաղաքը Պէտք Է Պահել Իր Բարձունքի Վրայ

ԶԱՐԵՀ ԱՃԷՄԵԱՆ
Յունիս 7ի ընդհանուր ընտրութիւններին Գլենդելի բնակիչները նաեւ քուէարկելու են «N» օրինագծին թեր կամ դէմ արտայայտուելով՝ UUT հարկը վերացնելու կապակցութեամբ: Սոյն նախագծի պաշտպանները բաւարար ստորագրութիւններ հաւաքելով՝ յաջողել են այն դնել քուէարկութեան 2016ի Յունիսի ընտրութիւններին: Նշեալ նախագիծը հաստատուելու պարագային կը վերացուի էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի վրայ հաշուող հարկը, որը մօտաւորապէս կազմում է քաղաքի ընդհանուր բիւջէի 9.5 տոկոսը, եւ նախատեսւում է առաջացնել 17.5 մլն. դոլարի բաց 2015-2016 ֆինանսական տարուայ համար: Այս նախաձեռնութիւնը չի հովանաւորւում Գլենդելի քաղաքապետարանի կողմից:
Գլենդելը տարիների ընթացքում շեշտուած կերպով մատակարարել է բարձորակ հանրային եւ անվտանգութեան ծառայութիւններ, երեւի այդ պատճառով է, որ Գլենդելի ոստիկանութեան եւ հրշէջ բաժանմունքի բիւջէները կազմում են քաղաքի ընդհանուր հիմնադրամի 63 տոկոսը: UUT հարկի մեծամասնութիւնը ուղղակիօրէն նպաստում է այդ ստորաբաժանումների ծառայութիւնների ապահովման եւ Գլենդելի հանրային անվտանգութեանը: UUT հարկը նաեւ օգնում է սուբսիդաւորել (աջակցիլ-Խմբ.) գրադարանների, համայնքային կենտրոնների եւ ենթակառուցուածքների վերանորոգմանը:
Utility Users Tax կամ UUT հարկը գանձւում է քաղաքացիների էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սպառման դիմաց, դա սկսել է 1969 թուականից: 2009 թուականի Ապրիլի ընտրութիւններում բնակիչների 66.6 տոկոսի հաստատումով կրճատուեցին նշեալ հարկի դրոյքաչափերը եւ պարզաբանուեց հարկերի հաշուարկը: Այդ առումիվ UUT հարկը երկար անցեալ ունի մեր քաղաքում, եւ 2009ի կրճատումներն անգամ չեն նուազեցրել նշեալ վարկի կարեւորութիւնը քաղաքային ծառայութիւնների ֆինանսաւորման գործում: UUT վարկը ներկայում գլխաւոր հիմնադրամի 15.2 տոկոսն է կազմում եւ քաղաքի երրորդ եկամուտների աղբիւրն է համարւում: Այս խոշոր նշանակութիւն ունեցող հարկը միջին հաշուով ամսական 7 դոլար է իւրաքանչիւր բնակչի համար, սակայն պէտք է նկատի ունենալ, որ սա միջին հաշուարկ է, եւ այն քաղաքացիները, որոնք բնակւում են առանձնատներում աւելի ներդրում են ունենում, քան բնակարաններում ապրող քաղաքացիները, որոնց ջրի վճարումը ներառուած է ամսական վարձքի մէջ:
Համաձայն Գլենդելի քաղապետարանի տուեալներին, առանց UUT հարկի զգալի կրճատումներ են լինելու կարեւորագոյն հասարակական անվտանգութեան ծառայութիւններից, եւ քաղաքապետարանը չի կարողանայ շարունակել իր լիարժէք սպասարկութիւնները: Քաղաքապետարանի կայքէջի համաձայն UUT հարկի կրճատումով առաջացած տարեկան 17.5 մլն. դոլարի բացը՝
– Կը բարձրացնի 9-1-1 արտակարգ իրավիճակների արձագանգման ժամանակամիջոցը, որը պայմանաւորուած է ոստիկանների, հրշէջների եւ կադրային կարողութիւններով:
– Կը փակի ոստիկանական բաժանմունքի Դի.Էն.Էյ.ի հանցագործական լաբորատորիան:
– Կը վերացնի 37 հրշէջների դիրքեր եւ կը նուազեցնի հերթապահ պարամեդիկների թիւը:
– Կը վերացնի 53 լիաժամ երդուեալ ոստիկանների պաշտոնը:
– Կը փակի երկու հրշէջ կայաններ:
– Կը նուազեցնի հերթապահ պարամեդիկների թիւը:
– Կը վերացնի հրշէջ փրկարար ծառայութիւնների մասնագիտացուած բաժանմունքներ, այդ թւում՝ արտակարգ իրավիճակների պատրաստուածութեան միաւորը, հրկիզման քննիչ միաւորը, վտանգաւոր նիւթերի արձագանգման եւ որոնման եւ փրկարարական ենթաբաժանումները:
– Կը վերացնի երիտասարդական հակագենգ ծրագիրը եւ թմրանիւթերի կանխարգիլման ծրագրերը:
– Կը կրճատի քաղաքի փողոցների փոսերի վերանորոգման եւ սպասարկման, նաեւ այլ քաղաքային կարեւոր ենթակառուցուածքների պահպանման ծրագրերը:
– Կը փակուեն հանրային գրադարաններ եւ աշխատանքից կ՛ազատուեն գրադարանների աշխատակազմերը:
Գլենդելի քաղաքապետարանը արդեն իսկ 2008 թուականների տնտեսական տագնապի հետեւանքով լուրջ կրճատումներ է կատարել իր ծախսերի մէջ: Այդ կրճատումների շարքին կրճատուել են 406 քաղաքային աշխատողների պաշտօններ, կրճատուել է քաղաքի հանրային աշխատուժի 25 տոկոսը։ Տնտեսական անկումը արդէն իսկ նուազեցրել է քաղաքի բիւջէն 29.5 մլն. դոլարով: Լրացուցիչ 17.5 մլն. դոլար եկամուտի կրճատումը նշանակում է մօտաւորապէս 47 մլն. դոլար նուազում 2008 թուականից:
Բոլոր նշեալ իրողութիւնների կողքին նաեւ պէտք է նկատի ունենալ հետեւեալ երկու տուեալները.
UUT հարկի կրճատումը հիմնականում նպաստում է բնակարանային համալիրներ ունեցող սեփականատերերին, որոնք խոշոր գումարներ են մուծում յատկապէս ջրի օգտագործման համար, իսկ վարձով բնակարաններում ու առանձնատներում ապրողները աւելի քիչ են խնայելու: Միւս կողմից, երբ քաղաքապետական խորհրդի անդամների մեծամասնութիւնը հայութեան շահերն ու մտահոգութիւնները բաժանող խորհրդականներ են, ինչո՞ւ պէտք է սահմանափակել քաղաքապետարանի հնարաւորութիւնները բնակիչներին քաղաքային ծառայութիւններ մատուցելու ճանապարհին:
Քաղաքը պէտք է պահել իր բարձունքի վրայ, «Ո»չ՝ «N» բանաձեւին:
Ձեր մեկնաբանութիւնը