Կապ չունի՝ ինչ կարգախօս է, կապ ունի՝ ով է այն ասողը

Կապ չունի՝ ինչ կարգախօս է, կապ ունի՝ ով է այն ասողը

Պատերազմ հրահրողները, Արցախը յանձնողները փորձում են սրբագրել «Յաղթելու ենք» կարգախօսը

Արմինէ Վարդանեան

Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն փաստաթղթի ստորագրման հինգերորդ տարելիցի օրը, Ազգային ժողովի նախագահի պաշտօն զբաղեցնող Ալէն Սիմոնեանը որեւէ խօսք չի ունեցել ասելու եւ փորձել է հետին թւով «սրբագրել» պատերազմի օրերին տեղի ունեցածը։

Տելեգրամեան իր ալիքում ՔՊ-ական պաշտօնեան գրել է.

«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանից:

Ն. Փ.  Ալէն, ո՞վ է այդ կարգախօսը դրել շրջանառութեան մէջ՝ «Յաղթելու ենք»-ը:

Ա. Ս. – Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդէն տարածւել է:

Ն. Փ.  Վատն է շատ, դա պարտւողական կարգախօս է, հեչ լաւը չի:

Ա. Ս. – Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդէն խանութների, մեքենաների վրայ են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:

Ն. Փ. – Չգիտեմ, բայց լաւը չի:

2020 թւական, սեպտեմբերի 28 կամ 29»։

Ի՞նչ է ուզում ասել պաշտօնեան, ինչո՞ւ է յատկապէս այս նշանաբանը այսքան կարեւորել հէնց այս օրը, դեռ պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, թէ որքանով է իրականութեանը համապատասխանում գեղարւեստական ժանրով շարադրւած այդ դիալոգը, որովհետեւ ՔՊ-ականների ստերն անսահման են:

Ամէն դէպքում, մենք յիշեցնենք, որ պատերազմական շրջանում տարածւած ստերից միակը չէր «#Յաղթելուենք» հեշթեգը, դրան յաջորդում, կամ նախորդում էին «զգետնւեց», «գեոռբագեոռ 2020», «ոչ մի սանտիմետր ՀՀ տարածքից չի յանձնւելու», «Գեանջայի օդանաւակայանը յօդս ցնդեց», «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ այլ արտայայտութիւնները։

Իհարկէ, Աննա Յակոբեանի մօտ կրթւող Արծրուն Յովհաննիսեանի դաշտում է գնդակը, նա պէտք է Ալէնին ու Նիկոլին պատասխանի՝ ում գլխում էր այդ միտքը ծագել, բայց խնդիրը նոյնիսկ կարգախօսը չէ, ոչ էլ «Յաղթելու ենք» արտայայտութիւնը, խնդիրն այն է, որ դասալիքները, ոչ պրոֆեսիոնալները, զէնքից անտեղեակ ձախողակները որեւէ կարգախօսի պայմաններում տանուլ էին տալու, առաւել եւս, որ այդ պատերազմը հէնց իրենք էին հրահրել եւ պլանաւորւած տարել պարտութեան:

Այնպէս որ, «Յաղթելու ենք» արտայայտութիւնը չէ խնդիրը, ցանկացած բառ ընտրէք, կապ ունի՝ ով է այն արտասանողը: Երբ դու գնում ես պայմանաւորւած պարտութեան, Արցախի յանձնման, էթնիկ զտման, Հայրենիքի յանձնման, քեզ որեւէ բառ չի փրկի:

Մէկ էլ ճշտէք՝ ով է ձեզ տւել «Ապագայ կայ» կարգախօսը: Ձեր պայմաններում դա էլ է պարտւողական:

168.am

Share