ՀՀ 3-րդ նախագահի գրասենեակը հաղորդագրութիւն է տարածել․ «Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրեայ պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտութեամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթէ այն չվարեր դրա համար պատասխանատուութիւն ստանձնած պոռոտախօս ինքնակոչ մէկը, ով յետոյ շատ արագ իր վրայից պիտի նետէր այդ նոյն պատասխանատուութիւնը:
Հիպոթետիկ հարցին, թէ ի՞նչ կաներ Սերժ Սարգսեանը, եթէ 44-օրեայ պատերազմի օրերին ինքը լինէր երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է՝ «Կուարուէի այնպէս, ինչպէս Ապրիլեան քառօրեայի սկսուելու օրը վարուեցի: Այսինքն՝ նախ կզանգահարէի Գլխաւոր շտաբի պետին եւ կասէի` արդեօ՞ք զօրքերը բերել եք առաջին մարտական պատրաստականութեան: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց յետոյ, միեւնոյն է, կզնագահարէի Արցախի Պաշտպանութեան բանակի հրամանատարին եւ նոյն հարցը կը տայի:
Բացասական պատասխանի դէպքում. պարզ է, թէ ինչ տեղի կ’ունենար, որովհետեւ այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:
Հետոյ, կը հարցնէի՝ արդեօ՞ք հասցրել եք անել հետեւեալ գործողութիւնները`
ա) համալրե՞լ եք առաջնագիծը,
բ) տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանութեան միջոցները,
գ) տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները,
դ) արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնուող հրմանատարներին եւ այսպիսի բազմաթիւ հարցեր:
Գլխաւոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ՝ աեօ, արդէն կը հարցնէի՝ արդեօ՞ք նոյն պատրաստականութեան եք բերել նաեւ մեր հեռահար հարուածային միջոցները:
Դրական պատասխան ստանալուց յետոյ, բնականաբար, արդէն վստահ կը լինէի, որ եթէ սկսուեին ռազմական գործողութիւնները, ապա առաջինը հէնց դրանք պէտք է կիրառուեինայ, այդ մեծ աւերածութիւններ գործող մեր սպառազինութիւնները: Որովհետեւ այն ժամանակ մենք արդէն ունէինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպէս մեր, այնպէս էլ ոչ հայկական արտադրութեան, եւ բացի դրանից, ամբողջ զօրքը գոնէ մեր ժամանակ արդէն Ապրիլեանից յետոյ, այդպիսին էր, ունէինք գիշերային դիտարկման սարքաւորումներ եւ այլն: Շատ յստակ կարելի էր տեսնել, թէ իրօք այն վտանգը, որ կայ, որ գործողութիւնները առաւօտեան պէտք է սկսուեին, արդէն սկսուո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետեւ սկսուելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ յարձակուելու: Նոր ստորաբաժանումներ պէտք է գային, զօրքերի համախմբում կը լինէր: Դա անհնար էր չնկատել:
Եւ կսպասէի մինչ այն պահը, երբ իրենց առաջին յարձակումը լինէր, եւ կօգտագործեինք այդ հզօր միջոցները:Եւ դա կարող էր բերել նոյնիսկ այդ յարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»։
