Ռուսաստանի ԱԳՆ. «Համաձայնութիւնները ուժի մէջ են մնում»

Ռուսաստանի ԱԳՆ. «Համաձայնութիւնները ուժի մէջ են մնում»

Ռուսաստանի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գոտում հրադադարի վերաբերեալ ձեռք բերուած համաձայնութիւնների հինգերորդ տարեդարձի կապակցութեամբ։
Ռուսաստանի ԱԳՆ յայտարարութեան մէջ նշւում է, որ «չորս բարձր մակարդակի յայտարարութիւնները կազմում են խաղաղութեան գործընթացի ճանապարհային քարտէզը»։

«Այս համաձայնութիւնները ուժի մէջ են մնում եւ չէն կորցրել իրենց արդիականութիւնը: Ադրբեջանական եւ հայկական կողմերն ակտիւօրէն կիրառում են եռակողմ ձեւաչափով ստեղծուած կարեւոր հիմքերը, այդ թւում՝ ուղիղ երկխօսութեան մէջ։

Այս համատեքստում ռուսական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի նախագծի նախաստորագրումը Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից Վաշինգտօնում 2025 թուականի օգոստոսի 8-ին», — նշւում է յայտարարութեան մէջ։

Փաստաթղթում նաեւ նշւում է.

«Բաքուն եւ Երեւանը դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, ներառեալ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, Հարաւային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարեւանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցութիւնների վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատման եւ սահմանագծման ապահւումը, ինչպէս նաեւ քաղաքացիական հասարակութեան շրջանակներում արդիւնաւետ կապերի հաստատումը: Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնութիւն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թւում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցութեան հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան — Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում»:


Պարզ չէ թէ «Համաձայնութիւնները ուժի մէջ են մնում» յայտարարութեան համաձայն Ի՞նչ պէտք է ակնկալել նախնական համաձայնագրի չկայացած կէտերի մասին: Արցախի և Արցախո ժողովրդի անվտանգութեան, կամ Լաչինի ճանապարհի կէտերը երկար ժամանակ է որ խօսակցութիւններից դուրս են մղուել, որի հետ հաշտուել են հայաստանի իշխանութիւնները:

Ռուսաստանի ԱԳՆ-ն յայտարարութիւնը մէկ այլ ապացոյցն է, որ Հայաստանի և հայութեան համար ճանապարհային այնպիսի քարտեզ է գծւում, որի կապակցութեամբ որևէ վերահսկողութիւն չունի ինքը հայ ժողովուրդը:

Share