«Հրապարակ»ը գրում է՝
Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքւում գտնուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թուում է, թէ քայլեր ձեռնարկուում են` չի ստացուում, սակայն այդպէս չէ:
Ռուբէն Վարդանեանի ընտանիքն ու ընկերներն ամէն ինչ անում են նրան ազատելու համար։ Օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրոյցում պատմեց, որ կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը:
Մեր աղբիւրները յայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապուել են Թրամփի աղջկայ ամուսնու հետ եւ բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթէ ՀՀ իշխանութիւնները դիմեն իրեն այդ առաջարկով:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինեանին են փոխանցել այս առաջարկը` որ ընդամէնը մի թղթի կտոր է պէտք, որ պաշտօնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել:
Փաշինեանի կողմից փոխանցուել է, որ նման գրութիւնը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի կնքմանը: Ի դէպ, Գենսերը հարցազրոյցում ասաց, որ եթէ գերիների հարցը մինչեւ պայմանագրի կնքումը չլուծուի, յետոյ անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։
«Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինեանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերեալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթութիւն է։
Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնութեան հասնելու հնարաւորութիւն, եւ նա հասկանում է, որ գերիները պէտք է լինեն այդ գործընթացի մի մասը՝ նախքան կամ միաժամանակ… Փաշինեանը պէտք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակուելու համար, դա պէտք է անի թէ՛ հրապարակաւ, թէ՛ մասնաւոր տարբերակով»,- ասել է նա։