Ներկայացնում ենք ռուսաստանեան Vz.ru պարբերականում հրապարակուած Азербайджан собрался стать «молотком» НАТО на Кавказе յօդուածի հայերէն թարգմանութիւնը Մեդիա-Մաքս կայքից:
Ադրբեջանական բանակը վերափոխուելու է ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների։ Այդ մասին յայտարարեց նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքւում ընդունելով Հիւսիսատլանտեան դաշինքի պատուիրակութեանը։ Մասնագէտները նշում են, որ սա երկարաժամկէտ մարտահրաւէրներ է ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգութեան համար։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում եւ ի՞նչ հետեւանքներ կ’ունենայ հէնց Ադրբեջանի համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել էր ՆԱՏՕ-ի պատուիրակութեանը, որի հետ քննարկել էր համագործակցութեան հեռանկարները։ Նա յայտարարել էր, որ Ադրբեջանի զինուած ուժերը համապատասխանեցւում են դաշինքի չափանիշներին, եւ այս առումով սերտ համագործակցութիւն է ընթանում թուրքական բանակի հետ։
Ալիեւի խօսքով՝ անցեալ դարի սկզբին անկախութիւն ձեռք բերելուց ի վեր Ադրբեջանը հասել է իր գլխաւոր նպատակին՝ «ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Նա նաեւ նշել էր, որ հանրապետութեան զինուած ուժերի արդիականացումը շարունակուելու է։
Յատկանշական է, որ դեռեւս օգոստոսին Ադրբեջանի ղեկավարը յայտարարել էր, որ երկրի զինուած ուժերը պէտք է մշտապէս պատրաստ լինէն պատերազմի, քանի որ «աշխարհում գործընթացները զարգանում են այնպէս, որ անհնար է իմանալ, թէ վաղն ինչ կը լինի»։ Նա պնդել էր նաեւ, որ Երկրորդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ Ադրբեջանը զգալիօրէն հզօրացրել է իր զօրքը։
Նրա խօսքով՝ յատուկ նշանակութեան զինուորների թիւն աւելացել է հազարով, սպառազինութեանը աւելացուել են ժամանակակից անօդաչու թռչող սարքեր եւ հրետանային համակարգեր, արդիականացուել են առկայ մարտական ինքնաթիռները, կնքուել են պայմանագրեր նորերի գնման համար։
Ադրբեջանի համագործակցութիւնը ՆԱՏՕ-ի հետ սկսուել է 1994 թուականին, երբ երկիրը միացաւ «Գործընկերութիւն հանուն խաղաղութեան» ծրագրին, որը թիրախաւորում է Արեւելեան Եւրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրները։ Բաքուն եւ ՆԱՏՕ-ն ունեն նաեւ Անյատական գործընկերութեան գործողութիւնների ծրագիր (Individual Partnership Action Plan), որը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցութեան մանրամասները։ Ծրագրի շրջանակներում Ադրբեջանի զինուած ուժերը մասնակցում են դաշինքի զօրավարժութիւններին։
2025 թուականի յունիսին դաշինքն անցկացրեց «Վճռական ուժ 2025» հրամանատարաշտաբային զօրավարժութիւնը։ Դրա նպատակն էր կատարելագործել ռազմական որոշումների կայացման ընթացակարգերը եւ կատարելագործել ստորաբաժանումների հրամանատարական հմտութիւնները մարտականին մօտ պայմաններում։ Աւելի ուշ՝ օգոստոսին, Ադրբեջանի զինծառայողները միացան Agile Spirit զօրավարժութիւններին որպէս դիտորդներ։ Զորաւարժութիւնները տեղի ունեցան միաժամանակ Վրաստանում եւ Թուրքիայում։
Այս իրադարձութիւնները զարգանում էին Մոսկուայի եւ Բաքուի յարաբերութիւնների նկատելի սառեցման ֆոնին։ Լարուածութիւնն աճեց Եկատէրինբուրգում ադրբեջանական կազմակերպուած յանցաւոր խմբի անդամների ձերբակալութիւններից յետոյ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի անվտանգութեան ուժերը գործողութիւն իրականացրին «Սպուտնիկ» լրատուական գործակալութեան տեղական գրասենեակի դէմ։ Որոշակի կայունացում տեղի ունեցաւ հոկտեմբերի սկզբին Դուշանբեում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից յետոյ։ Սակայն փորձագէտները նշում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է սիրախօսել Արեւմուտքի հետ։
«Հայաստանի հետ հակամարտութիւնում ադրբեջանական բանակը յաղթեց ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զէնքով, զօրամիաւորումներով եւ մարտաւարութեամբ։ Հետեւաբար, Ալիեւը համոզուած է, որ դա է յաջողութեան բանաձեւը։ Բաքուն կարող է վերանայել այս բանաձեւը երկու դէպքում՝ իշխանափոխութիւնից կամ ռազմական պարտութիւնից յետոյ», — պնդում է Սանկտ Պետէրբուրգի պետական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի եւրոպական ուսումնասիրութիւնների ամբիոնի պրոֆէսոր Ստանիսլաւ Տկաչենկոն։
Նա յիշեցնում է, որ Ադրբեջանի զինուած ուժերում արդէն ներդրուած են ՆԱՏՕ-ի բազմաթիւ չափանիշներ։ «Ադրբեջանական բանակը վերջին տասնամեակներին զարգացել է թուրքական բանակի հետ սերտ համագործակցութեամբ, ուստի նրա բազմաթիւ մեթոդները՝ ռազմական կազմակերպման, քաղաքացիական-ռազմական յարաբերութիւնների եւ տեխնոլոգիաների առումով, ՆԱՏՕ-ական են: Սա հաշուի առնելով՝ Ալիեւի յայտարարութիւնը արտացոլում է առկայ իրողութիւնները», — կարծում է Տկաչենկոն:
Զինուորական փորձագէտ Յուրի Կնուտովի խօսքով՝ եթէ նախկինում Ադրբեջանի զինուած ուժերը որոշ չափով փոխառել էին խորհրդային մօտեցումը, այժմ իրենց մարտական ձեռնարկներն ու կառուցուածքները կփոխարինէն ՆԱՏՕ-ական մեթոդներով:
«Բաքուն, հաւանաբար, կը սկսի աւելի ակտիւօրէն արեւմտեան զէնք եւ ռազմական տեխնիկայ գնել: Բացառուած չէ, որ զինուած ուժերն անցնեն ՆԱՏՕ-ի տիպի բրիգադների: Վերապատրաստման համակարգն էլ ի վերջոյ նման կը լինի ՆԱՏՕ-ի երկրներում գործողին», — ենթադրում է նա:
Այս առումով փորձագէտը մէջբերել է Ուկրաինայի փորձը։ Նա ասում է, որ Ուկրաինայի զինուած ուժերը կուրօրէն պատճէնել էին ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցուածքը, բայց հակամարտութեան երրորդ տարուայ վերջում ղեկավարութիւնը որոշեց բրիգադային կառուցուածքից անցում կատարել զօրքերի կազմակերպման դիւիզիոն-կորպուսային կառուցուածքի: «Սա խօսում է այն մասին, որ խորհրդային համակարգն աւելի արդիւնաւետ էր», — ընդգծում է վերլուծաբանը: «Սակայն Ադրբեջանը մեծապէս կախուած է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։ Այլ կերպ ասած՝ Բաքուն աւելի հակուած է հետեւելու Անկարային, քան Բրիւսելին։ Եւ այն, ինչ կ’անի թուրքական կողմը, կանէն ադրբեջանցիները՝ դաշինքի չափանիշների քօղի տակ։ Ըստ էութեան, Ադրբեջանի զինուած ուժերը թուրքական բանակի կցորդ կը դառնան», — աւելացնում է Կնուտովը։
Անկախ ամէն ինչից՝ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայութեան աճը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի անվտանգութեան համար, ընդգծում են «Ռազմական քրոնիկոն» տելեգրամեան ալիքի հեղինակները։ «Տարածաշրջանը, որը պատմականօրէն գտնւում է Ռուսաստանի շահերի գոտում, արագօրէն վերածւում է դաշինքի յենադաշտի», — նշում են նրանք։
«Համատեղ օպերատիւ պլանաւորումը եւ Բաքւում մասնագիտացուած վարժանքները նպատակ ունեն ոչ միայն հզօրացնել ադրբեջանական բանակը, այլեւ վերահսկել Մոսկուայի եւ Թեհրանի միջեւ հաղորդակցութիւնը եւ սահմանափակել Մոսկուայի ռազմավարական մանեւրի հնարաւորութիւնը։ Ադրբեջանի գործողութիւնները ակնյայտօրէն դուրս են մղում ռուսական ազդեցութիւնը եւ մշտական սպառնալիք ստեղծում Ռուսաստանի հարաւային սահմանների երկայնքով», — կարծում են վերլուծաբանները։
Ռազմական փորձագէտ Կոնստանտին Սիւկովի կարծիքով՝ Ալիեւը որոշ առումով գնում է իր ուկրաինացի գործընկերների՝ Պետրոյ Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ «Բացառուած չէ, որ մօտ ապագայում Ադրբեջանը կխնդրի իրեն ՆԱՏՕ ընդունել», — ասում է նա եւ յաւելում, որ նման քայլը որոշակի ռիսկեր է ստեղծում ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Իրանի համար։
«Եթէ ՆԱՏՕ-ն յայտնուի Հարաւային Կովկասում, նախ, Կասպից ծովն այլեւս «խաղաղութեան ծով» չի լինի։ Երկրորդը, էթնիկ, մշակութային եւ գաղափարախօսական առումով բաւականին բարդ տարածաշրջանում կտրուկ կաճէն սպառնալիքները, այդ թւում՝ ահաբեկչական եւ ռազմական։ Այդ պատճառով Բաքուի գործողութիւնները Մոսկուայից համապատասխան արձագանք են պահանջում», — ընդգծում է Սիւկովը։
Այնուամենանիւ, ըստ Տկաչենկոյի, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու որեւէ հեռանկար գրեթէ չունի՝ նոյնիսկ թուրքական մոդելով։ «Անկարայի անդամակցութիւնը որոշ առումով համարւում է թերի. չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի երկրորդ ամենամեծ բանակը, դաշինքի շրջանակներում քննարկուող եւ իրականացուող նախագծերի մեծ մասում այն մնում է արտաքին խաղացող։ Բացի դրանից, թուրքերը ռուսական զէնք են գնում, օրինակ՝ հակահրթիռային համակարգեր, ինչպէս նաեւ կառուցում են հինգերորդ սերնդի սեփական ինքնաթիռներն ու նաւերը», — մանրամասնում է քաղաքագէտը։
«Մենք տեսնում ենք, որ դաշինքը փորձում է Բաքուին կարճ պարանի վրայ պահել։ Աւելին, մինչեւ վերջերս Արեւմուտքը քննադատում էր Ալիեւին եւ նրան համարում ոչ լեգիտիմ անձնիշխան, որը կեղծում է ընտրութիւնները», — յիշեցնուն է Տկաչենկոն: Նրա կարծիքով՝ թէ՛ Ջոյ Բայդենի, թէ՛ յատկապէս Դոնալդ Թրամփի օրօք Վաշինգտօնը կցանկանար Անդրկովկասեան հանրապետութիւնը տեսնել որպէս «ստորադաս, կրտսէր դաշնակից»:
Ինչ վերաբերում է Հիւսիսատլանտեան դաշինքի միւս անդամներին, նրանց վերաբերմունքը Բաքուի նկատմամբ կարող է որոշ չափով բացասական լինել, քանի որ Ալիեւը, Թուրքիայից բացի, սերտ կապեր ունի նաեւ Իսրայելի հետ: «Ինչեւէ, Արեւմուտքի շահերը Կովկասում բացարձակապէս չէն համընկնում Ադրբեջանի շահերի հետ: ՆԱՏՕ-ի անդամները Բաքուն դիտարկում են որպէս Իրանի եւ Ռուսաստանի վրայ ճնշում գործադրելու հարթակ, հնարաւոր է՝ հետեւելով ուկրաինական մոդելին», — ընդգծում է քաղաքագէտը:
«Այլ կերպ ասած՝ ռազմական դաշինքի համար Ադրբեջանը գործիք է, մուրճ, որը նրանք ցանկանում են թափահարել եւ հարուածել բոլոր ուղղութիւններով: Եթէ Ալիեւը սա չի հասկանում, ապա հարց է առաջանում. որտե՞ղ են տասնամեակներ շարունակ նրան վերագրուող յատուկ դիւանագիտական տաղանդները», — եզրափակում է Տկաչենկոն:
Թարգմանութիւնը՝ Մարիայ Սադոյեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները
