ՀԲԸՄի Մամլոյ Հաղորդագրութիւն
Փոլ Ռ. Իգնեյշըսի կեանքի ուղին պարտքի, պատուի եւ հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է։ Աւելի քան մէկ դար ապրելուց յետոյ նա իր մահկանացուն կնքեց 105-ամեակից ընդամէնը մէկ շաբաթ առաջ։
Ծնուած լինելով Գլենդելում (Կալիֆոռնիայ)՝ հայ ներգաղթեալ ծնողների ընտանիքում, Իգնեյշըսը իր կեանքը նուիրել է հանրային ծառայութեանը, բիզնես առաջնորդութեանն ու հայկական ինքնութիւնն ամուր պահելուն։

Քենեդիի եւ Ջոնսոնի վարչակազմերի օրօք նա զբաղեցրել է կարեւոր պաշտօններ, այդ թւում՝ ԱՄՆ բանակի փոխնախարարի, ԱՄՆ պաշտպանութեան նախարարի տեղակալի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի։ Պետական ծառայութեանը զուգահեռ Իգնեյշըսը գործունէութիւն է ծաւալել նաեւ մասնաւոր հատուածում՝ լինելով «The Washington Post»-ի նախագահը, Օդային տրանսպորտի ասոցիացիայի նախագահը եւ սեփական կառավարման-խորհրդատուական ընկերութեան հիմնադիրը։
ՀԲԸՄ-ի հետ նրա կապը անձնական բնոյթ ունէր։ Նրա պապը՝ Աւէտիս Ժամկոչեանը, հիմնադրել է Անգլիայում առաջին ՀԲԸՄ մասնաճիւղը Մանչեսթեր քաղաքում։

Հայկական համայնքն ու մշակոյթը զօրեղացնելու առաքելութիւնը Իգնեյշըսի ողջ կեանքի ուղեկիցն է եղել։ Նրա ականաւոր կարիերայի եւ ոգեշնչող կեանքի մասին կարող եք կարդալ 2017 թուականին «AGBU Magazine»-ին տուած նրա բացառիկ հարցազրոյցում՝ https://agbu.org/paving-path-success/life-service
Նրա կեանքը ազնւութեան, ծառայութեան եւ իր հայ-ամերիկեան ինքնութեան մէջ արմատաւորուած յաւէրժական արժէքների վկայութիւնն էր։ Նա յարգանք էր տածում իր ազգային ժառանգութեան հանդէպ եւ իր կարողութիւնները ծառայեցնում էր ի բարօրութիւն հայրենի հողի։ Փոլ Իգնեյշըսի թողած ժառանգութիւնը ոգեշնչման աղբիւր է այն սերունդների համար, որոնք ձգտում են հանրային կեանք մուտք գործել։

ՀԲԸՄ Կենտրոնական վարչութիւնը սգում է հայ-ամերիկեան պատմութեան մէջ այս ականաւոր անհատի կորուստը։
Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագոյն, շահոյթ չհետապնդող համահայկական կազմակերպութիւնն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կեանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Իւրաքանչիւր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում եւ սփիւռքում բնակուող շուրջ 500,000 հայերի կեանքի որակի բարելաւմանը: 1906 թուականից ի վեր ՀԲԸՄ-ն հաւատարիմ է իր՝ համայն հայութեան բարգաւաճմանն ու բարօրութեանն ուղղուած առաքելութեանը: ՀԲԸՄ-ի եւ վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացուող ծրագրերի մասին յաւելեալ տեղեկատուութիւն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին յաւելեալ տեղեկատուութեան համար այցելէ՛ք www.agbu.am:
