Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում

Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում

Զարեհ Աճէմեան

Արդեն գիտէինք, որ Հայաստանը ղեկավարւում է մի անձի միջոցով, որ նստած վարչապետի աթոռին իր սեփական քմահաճոյքին բաւարարութիւն տալու համար պատրաստ է առանց տատամսելու զիջել պետականութեան, երկրի, և ժողովրդի շահերը: Սակայն երբ անձնական բարդոյթներին յագուրդ տալու մոլուցքը հասնում է այն աստիճան, որ անձնական վրէժխնդրութեան համար, արգիլւում է հայի մուտքը Հայաստան, դա արդեն նոր անմակարդակութեան է հասցնում այս ապիկար իշխանութիւնների փոքրոգիութեան սահմանները:      

Մուրատ Փափազեանի ընտրութիւնը չի կարող պատահական լինել: Յուլիսի սկզբնաւորութեան երբ Զարեհ Սինանեանի այցը Ամերիկա և յատկապէս Քալիֆորնիա հայ համայնքների բուռն ընդդիմութեան արժանացաւ, Փաշինեանական վարչակարգը փորձեց այս անգամ Սինանեանի կողքին Աննա Յակոբեանին էլ պետական բիւջէի հաշուին ուղարկել Ֆրանսիա, որպէսզի մի կերպ պարտկի Սինանեանի սփիւռքեան խայտառակութիւնը: Աննա Յակոբեանի այցը ևս չկարողացաւ հայ համայնքի ուշադրութեան արժանանալ և Ֆրանսահայ կազմակերպութիւնները հրաժարուեցին դիմաւորել ապազգային իշխանութիւնների ներկայացուցիչներին, որոնք ի վերջոյ ստիպուած ներկայացան մի հայազգի թրքամետ լոբիիստի կազմակերպած անգոյն միջոցաժմանը և անյաջողութեամբ վերադարձան Հայաստան:

Սակայն Աննա Յակոբեանին չդիմաւորելու փաստը Հայաստանի իշխանաւորների մօտ ոչ թէ քաղաքական ակտ որակուեց այնպէս որ էր իր բնոյթով, այլ իբրև անձնական վիրաւորանք՝ այնպէս որ ընդունուած է փոքրոգի և տհաս մարդկանց մօտ: Եւ այս խայտառակութեան պատասխանը պէտք է լինի այնպէս, որ Ֆրանսիայի բոլոր հայկական կազմակերպութիւններին ու միւս գաղութների կազմակերպութիւններին դաս լինի, որ սրանից յետոյ իրենց «լաւ պահեն» վարչապետի կնոջ առջև: Եւ այսպիսի փողոցայն տրամաբանութեամբ արգիլւում է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայաստանին , Արցախին ու հայութեան տարիների ծառայութւն մատուցած ազգային գործիչ՝ Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստան:  

Աննա Յակոբեանը, որ որևէ պաշտօն չունի Հայաստանի Հանրապետութիւնում և որևէ պետական հանգամանք չի ներկայացնում, դարձել է որոշիչ ազդակ թէ ով է կարող մուտք գործել Հայաստան և ով ոչ:

Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում: Թերևս մէկը պէտքէ յիշեցնի ինքնամոռացութեան մատնուած զոյգերին՝ նախորդ անձի մասին, որ ՀՅԴ Բիւրոյի անդամների մուտքը արգիլեց Հայաստան:

Յուլիս 14, 2022

Share