Առաջին Հայ Կամաւոր Աշխատողը՝ Հարաւային Աֆրիկայի «Հարթբիսփորթ» Արգելանոցում

Մ. Փ.
Բնութիւնն ու կենդանական աշխարհը... Մարդն իր տարբեր՝ յաճախ աւերիչ գործունէութեամբ՝ անխնայ հարուածներով, վտանգել է Երկրագնդի Աստուածատուր բնութիւնն ու կենդանական աշխարհը: Դա փաստ է: Ամէն օր լուրեր կան տարբեր աշխարհամասերում բնապահպանական աղէտալի վիճակի մասին: Միշտ լսում ենք տարբեր կենդանիների գոյութիւնն ու բնական աճը վտանգող երեւոյթներից լուրեր: Բնապահպաններն ու միջազգային համապատասխան կազմակերպութիւնները վաղուց է ահազանգ են հնչեցնում այս ուղղութեամբ, ու Երկրագունդը կենդանական ամբողջ աշխարհի համար ապրելու վայր դարձնելու համար՝ սկիզբ են առնում նոր աշխատանքներ: Մարդն հիմա շեշտակիօրէն անդրադարձել է բնաշխարհի ու ոչնչացման եզրին կանգնած կենդանիների պահպանման ու աճի կարեւորութիւնը: Ուշացած չե՞նք: Չգիտեմ: Բայց դեռ կայ ժամ ու միջոցներ՝ գոնէ մասամբ վերականգնել նախկինը, փրկել բնութեան տարբեր ռեսուրսները՝ ջուրը, հողը, բուսական աշխարհն ու անտառները, ու... կենդանիներին:
Ինչքա՞ն են յաջողում այս ծրագրերը: Դա կապուած է բազում հարցերի հետ: Հանրային միջոցների տեղեկատւութեամբ, բոլորին՝ յատկապէս դպրոցներում, այս կարեւոր հարցի պարզաբանմամբ, ու մասնագիտական ու կամաւոր աշխատանքով:
Հարաւային Աֆրիկայի Ջոհաննէս-բուրգ քաղաքից դուրս՝ աւտոբուսով մօտ 45 րոպէ հեռաւորութեամբ, Հարթբիսփորթ փոքր քաղաքն է: Քաղաքը գտնւում է Մագալիսբըրգ լեռների ու «Հարթբիսփորթ» (Hartbeespoort) կենդանաբանական այգի - արգելանոցի միջեւ՝ շրջապատուած լեռնային գեղեցիկ համայնապատկերով: Արգելանոցը փակ տարածք է վայրի կենդանիների բնակութեան, գիտական արշաւների ու փորձաքննութեան համար: Միաժամանակ, դա հրաշալի վայր է ակտիւ գործունէութեան եւ կամաւոր աշխատելու: Իսկ Ջոհաննէս-բուրգը մի եռանդուն մեծ քաղաք է, որ ճանաչուած է իր իւրայատուկ մշակոյթով ու ապրելակերպով:
Վայրի կենդանական աշխարհի հետ ծանօթանալու նպատակով, Սեպտեմբեր ամսին, Լոս Անջելեսից Հարաւային Աֆրիկա ճամբորդեց ծագումով իրանահայ ու ներկայիս Կալիֆորնիայի CAL POLY համալսարանում անասնաբուժութիւն ուսանող Հայնուշ Օհանեանը: Դա Հայնուշի առաջին արտասահմանեան ճամբորդութիւնն էր միայնակ՝ իր անձնական նախաձեռնութեամբ ու միջոցներով: Ի դէպ, Հայնուշ Օհանեանը առաջին հայն է, որ ճամբորդել է Հարաւային Աֆրիկայի «Հարթբիսփորթ» Արգելանոցը՝ այդտեղ կամաւոր աշխատելով 20 օր: Դա խիզախ նախաձեռնութիւն է 21-ամեայ երիտասարդուհու համար: Այս ընթացքում նա կարողացաւ փորձառութիւն ձեռք բերել իր ապագայ աշխատանքի ու վայրի բնութիւնն ու կենդանական աշխարհը ճանաչելու գծով: Այնքան հաճելի էր աշխատանքը, որ Հայնուշը գրեց մի անգամ թէ՝ չի ուզում վերադառնալ, ու հմայուած է այդ միջավայրով:
Նա ուտելիք էր բաժանում ու կերակրում էր վայրի կենդանիներին, որ յատուկ հսկողութեամբ՝ բայց ազատ, ապրում էին այդտեղ: Մաքրում էր տարածքը, մօտից տեսնում ու շօշափում էր վագրերին, առիւծներին, ընձուղտներին, փղերին, ծովաձիերին, կապիկներին... Վայրի թռչուններին մօտենալ չէր կարելի, բայց պիտի կերակրել ու հոգատար լինել նաեւ նրանց նկատմամբ: Ու, վերջապէս՝ նուիրուել բնութեանն ու կենդանական աշխարհին, որպէս պարտք ու պարտականութիւն. դա անչափ հաճելի ու պատասխանատու գործ կարող է լինել բոլորի համար:
Վստահ եմ՝ այս ճամբորդութեան տպաւորութիւնը երկար տարիներ կը մնայ Հայնուշի մտքում ու հոգում, ու կը դառնայ մի կարեւոր գործօն՝ իրեն համար ու իր ծանօթների համար՝ աւելի ուշադիր վերաբերմունք ցուցաբերելու մեր ապրած վայրի ու Երկրագնդի բնութեան ու կենդանական աշխարհի նկատմամբ: Աշխարհի զանազան մասերից՝ ու յատկապէս Միացեալ Նահանգներից, Կանադայից ու եւրոպական երկրներից մինչեւ հիմա շատերն են գնացել այդ վայրն ու նմանատիպ կենտրոններ: Դա ողջունելի ու քաջալերելի կամաւոր աշխատանք է:
Հայնուշ Օհանեանը այդ կենտրոնի յիշատակի փայտեայ տախտակի վրայ նշել է իր անունը, ճամբորդութեան թուականը (2016) ու ARMENIA:
Ձեր մեկնաբանութիւնը