Մենք Գոյնով Զգում Ենք Այնպէս, Ինչպէս Աչքով Տեսնում

Ինը տարուայ ընդմիջումից յետոյ գեղանկարիչ Ռուբէն Ամիրեանը Գլենդելի «Թուֆենկեան» արուեստի կենտրոնում կը ներկայանայ իր անհատական ցուցահանդէսով:
Ռուբէն Ամիրեանը ունի գեղանկարչական իր իւրայատուկ ձեռագիրը: Ճարտարապետի մասնագիտութեան հետքը ֆորմայի իւրայատուկ որոնումն է կոմպոզիցիայում:
– Գոյնը եւ ֆորման ինձ շատ հետաքրքիր են,- ասում է Ռուբէն Ամիրեանը ու սիրում մէջբերել աբստրակտ էքսպրեսիոնիստ Էստեբան Վինսենթէի խօսքերը՝ մենք գոյնով զգում ենք այնպէս, ինչպէս աչքով տեսնում ենք:
– Նկարելն ինձ համար գոյնի ու ֆորմայի որոնման ընթացք է,- շարունակում է նա,-բնութիւնն է իմ ոգեշնչման ու հետախուզման աղբիւրը: Ես կարող եմ պոկուած մի տերեւ նկարել, այնքան, որ այն վերածուի բոլորովին մէկ այլ պատկերի՝ սեփական մտածողութեամբ ու լեզուով:
Ռուբէն Ամիրեանը կտաւներում չի փորձում խորութիւն ստեղծել, հարթ մակերեսի վրայ են նրա պատկերները խօսում ու զգացողութիւններ փոխանցում:
Մանկութիւնից երազել է նկարիչ դառնալ, իսկ այդ ցանկութեան պատճառը Ռուբէնի մօր նկարներն էին՝ տան պատից կախուած: Սակայն հէնց ծնողների խորհրդով էլ ընտրել է ճարտարապետի մասնագիտութիւնը, սովորել Վաշինգտոնում, կատարելագործուել ծննդավայրում՝ Թեհրանում: 1980 թուականից աշխատում է Գլենդելում:
– Վերջին տարիներին շատ աւելի թափով եմ զբաղւում նկարչութեամբ,- ասում է նա,- եւ դա ինձ հնարաւորութիւն է տալիս կատարելագործուել ու նոր բացայայտումներ անել: Նկարում եմ գրեթէ ամբողջ օրը, եւ կարեւորը ինձ համար ոչ թէ ճանաչուած լինելն է, այլ ստեղծելը: Շնչելու պէս է, պէտք է նկարեմ, որոնեմ, փորձեմ, գտնեմ:
Նորի փնտռտուքի մի ձեւ է նաեւ այլ արուեստագէտների հետ «երկխօսութիւնը», նրանց բացայայտումների հետ առնչուելը, դրանց հիմնուելով՝ նորը ստեղծելը:
– Հետաքրքիր է նրանց փորձառութեանը հետեւելը,- ասում է Ռուբէն Ամիրեանը, հետեւել ու համեմատել սեփական զգացողութիւնների հետ:
Ռուբէն Ամիրեանի ստուդիայի իւրաքանչիւր անկիւնում նրա աշխատանքներն են: Միասին նայում ենք ցուցահանդէսին ներկայացուող նկարների շարքը: Գոյներն ու էներգիայի հոսքը հիացնում են, պարզ պատկերներով վառ տրամադրութիւն ստեղծում: Երբեմն գոյնը դառնում է ֆորմա, գիծը դառնում է շարժում:
– Տարբեր է, երբ նկարում ես քեզ համար, բոլորովին տարբեր, երբ այն պէտք է ցուցադրել,- մտածկոտ խոստովանում է Ռուբէն Ամիրեանը:
Ռուբէն Ամիրեանի անհատական ցուցահանդէսը կ՛անցկացուի Յունիսի 16ից մինչեւ Յուլիսի 1ը Գլենդելի «Թուֆենկեան» արուեստի կենտրոնում: Բացումը կը կայանայ Յունիսի 16ին, ժամը 7ին։
ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
asbarez.com
Ձեր մեկնաբանութիւնը