Հայ Դատի Գլենդելի Յանձնախումբը Աջակցում Է «MEASURE GC» Բանաձեւին

ԳԼԵՆԴԵԼ- Հայ Դատի Գլենդելի յանձնախումբը իր աջակցութիւնն է յայտնում Գլենդելի Համայնքային քոլեջին առնչուող «MEASURE GC» բանաձեւին, որ քուէարկութեան կը դրուի Նոյեմբերի 7ի ընտրութիւններին: Հաւանութեան արժանանալու դէպքում, նախագծից առաջացած եկամուտները կը գործածուեն Գլենդելի Համայնքային քոլեջում ուսման որակի բարձրացման, դասարանների բարենորոգման, նոր շինութիւնների կառուցման եւ բազմաթիւ ծրագրերի, որոնց թւում՝ գիտութեան, ճարտարարուեստի, հիւանդապահութեան, տեղեկատուութեան, իրաւապահպանութեան եւ այլ մասնագիտութիւնների զարգացման նպատակով:
«Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի նպատակն է բարելաւել Գլենդելի բնակչութեան կենսամակարդակը: Մեր աջակցութիւնը «MEASURE GC» բանաձեւին, բխում է այդ յատկանշական նուիրումից», բացատրում է Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Արթին Մանուկեանը եւ աւելացնում. «Գլենդելի քոլեջը մեր համայնքի ամենաբեղուն կենտրոններից մէկն է եւ իր նուիրական ծառայութիւնն է մատուցում բնակչութեան տարբեր խաւերին: Այդ հաստատութեան բարելաւումը կը խթանի կրթօճախի սրբազան գործունէութիւնը»:
Ըստ «MEASURE GC» բանաձեւին՝ Գլենդելի սեփականատէրերը տարեկան 25 դոլար հարկ կը վճարեն իրենց ունեցած իւրաքանչիւր 100,000 դոլար գնահատուած գոյքի դիմաց: Այս անհրաժեշտ գումարները կը յատկացուեն Գլենդելի Համայնքային քոլեջի ընդլայնման եւ լրացուցիչ կայանատեղերի ստեղծման համար, որը խիստ անհրաժեշտ է քոլեջի ուսանողների համար: Այս դրամական միջոցներից կ՛օգտուեն նաեւ հայ ուսանողները, որոնք կազմում են Գլենդելի Համայնքային քոլեջի ուսանողութեան 40 տոկոսը:
Նման նախագիծ՝ «MEASURE G»ն, ընդունուել էր 2003 թուականին, որի յաջողութեան շնորհիւ բարելաւուեց կրթօճախը՝ համալրուելով ժամանակակից պիտոյքներով:
Քոլեջը հանդիսանում է Քալիֆորնիա նահանգի լաւագոյն հանրային բարձրագոյն դպրոցներից մէկը: Գլենդելի Համայնքային քոլեջը, այս բանաձեւի ընդունումով, կը շարունակի իր առաջատար տեղը գրաւել ուսումնական հաստատութիւնների շարքում. այն աշխարհում ամենաշատ հայ ուսանողներ ունեցող բարձրագոյն ուսումնական հաստատութիւններից մէկն է:
Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը կոչ է անում քաղաքի հայ բնակչութեանը՝ Նոյեմբերի 7ին քուէարկել «MEASURE GC»ի օգտին:
Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը պաշտպանում է քաղաքի հայ համայքի տնտեսական, մշակութային, ընկերային եւ քաղաքական շահերը եւ յորդորում է հայ բնակչութեանը աշխուժօրէն մասնակցել Գլենդել քաղաքի հասարակական կեանքին:
Ձեր մեկնաբանութիւնը